Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սկսվե՞ց, թե՞ ավարտվեց

Սկսվե՞ց, թե՞ ավարտվեց
09.04.2018 | 10:12

Սկսվեց 2018-ի Հայաստանի սակրալ շաբաթը` Սերժ Սարգսյանն այլևս նախագահ չէ: Ապրիլի 9-ից Մարզահամերգային համալիրուն հրավիրված ԱԺ հատուկ նիստում երդումով սկսվեցին Արմեն Սարգսյանի նախագահական լիազորությունները: Բարի կառավարում: Ամբողջ 6 տարով: Այսօր հրաժարական տվեց ՀՀ կառավարությունը: Իսկ մինչև այդ դեռ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունեց դեռ վարչապետ Կարեն Կարապետյանին: Հանդիպման հրապարակային մասում նրանք և իրար գովեցին, և գլուխ գովեցին, թե ինչեր են արվել ու ինչեր են արվելու: Հանուն երկրի: Կարեն Կարապետյանը զեկուցեց կառավարության գործունեության արդյունքները և ընդգծեց, որ կառավարությունը իր բոլոր մակրոխնդիրները կատարել է:

«Մենք շատ լավ ճանապարհ անցանք այս ժամանակահատվածում, բայց պիտի նաև հաշվի առնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր կուսակցությունը ստացել է ժողովրդի վստահության քվեն, և որ կառավարություն ձևավորելու այդ մանդատը ՀՀԿ-ինն է լինելու մինչև 2022 -ը: Իսկ դա նշանակում է, որ երկրի զարգացման պատասխանատվության բեռը լինելու է ՀՀԿ-ի վրա, և ինչ խոսք, առաջին հերթին՝ մեզ վրա. ինձ՝ որպես կուսակցության նախագահի, Ձեզ՝ որպես կուսակցության նախագահի առաջին տեղակալի: Եվ մենք, անշուշտ, պարտավոր ենք շարունակել այն ընթացքը, որ այսօր կա»` պատասխանեց Սերժ Սարգսյանը: Թարգմանաբար` դա նշանակում է.

1. Սերժ Սարգսյանը մնում է վարչապետ:

2. Կարեն Կարապետյանը մնում է առաջին փոխվարչապետ:

3. Կառավարության կազմավորումով զբաղվելու է միայն Սերժ Սարգսյանը` առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու` ինչպես միշտ:

Դատելով դրայվոտ վարչապետի անդրայվ ժպիտից` նա համաձայն ու շնորհակալ է: Իվերջո` նա երկու տարբերակ ուներ` շնորհակալություն հայտնել ու վերադառնալ իր անձնական կյանքին ու բիզնեսին` մեկ, և երկու` մնալ ու աշխատել` պահպանելով հետագայում կարգավիճակի փոփոխության հեռանկարը: Կարեն Կարապետյանը ընտրեց երկրորդը: Դժվար է ասել` խաղը դրված է 2022-ի՞ վրա, թե՞ ավելի շուտ կլինեն նրա ակնկալած փոփոխությունները: Իվերջո` ոչ մի երաշխիք չկա և հաստատ այդպես չի էլ լինելու, որ 2018-ի մայիսին նշանակված կառավարությունն ամբողջ կազմով պաշտոնավարի մինչև 2022: Չի բացառվում, որ հիմնական փոփոխությունները լինեն ոչ թե հիմա, այլ 2019-ի հունվարից: Հիմա իրավիճակ սրել պետք չէ ոչ ՀՀԿ-ին, ոչ ՀՅԴ-ին: Ներիշխանական պայքարը այս փուլում կառկախվի: Եվ դա ձեռնտու է բոլորին: Հնարավո՞ր է, որ Կարեն Կարապետյանը ինչ-որ պահից որոշի դուրս գալ պայմանավորվածությունների շրջանակից, որ անդավաճան պահեց 2016-2018-ին, և փորձի խառնվել քաղաքականությանը: Փաստացի` նա անցած երկու տարում էլ` վարչապետ լինելով, կառավարությունում առաջին դեմք չի եղել, դե ֆակտո բոլոր որոշումներն ընդունել է Սերժ Սարգսյանը` միայն դե յուրե այդ իրավասությունը թողնելով Կարեն Կարապետյանին: Նրա համար համարյա ոչինչ չի փոխվում: Իր հավատարմության նոր «երդումը» նա արդեն տվել է. «Ձեր նախաձեռնությամբ նախատեսված և 2030 ծրագիրը, և այն թիրախները, որոնց մենք պետք է հասնենք, իրականում պետք է ամրագրենք, որ շատ հավակնոտ են, իրագործելի: Դա պահանջելու է, իհարկե, քրտնաջան, հետևողական աշխատանք և համարձակություն: Մենք տեսնում ենք այն գրադիենտը և այն ուղղությունները, որով պետք է գնանք առաջ: Կարծում եմ` հետաքրքիր ժամանակահատված է մեզ սպասվում: Մոտակա 3-4 տարիներին, մեր կանխատեսումով, ունենալու ենք որոշակի տնտեսական հաջողություններ, որոնք մեզ հիմք են տալու, որ երկարատև, ֆունդամենտալ, խոր բարեփոխումներ իրագործենք»,-ասել է Կարեն Կարապետյանը: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ հավատարիմ է մնալու երդումին, եթե հընթացս պարզվի, որ ինքը չէ Սերժ Սարգսյանի «ընտրյալը» ու ժառանգորդը: Իսկ դա առավել քան հավանական է: Եվ` հնարավոր: Դե ֆակտո Կարեն Կարապետյանը 2 տարում չունեցավ իր թիմը ու կուսակցության մեջ իր համակիրները: Նա եղավ ու մնաց ընտրություններից առաջ երկիր բերված նոր դեմք հին դիրքերում: Ավելին` ստանալով կադրային քաղաքականության մեջ ազատություն` նա կառավարություն բերեց բացահայտ անկարող անձանց, որ հրապարակային ձախողեցին իրենց ոլորտների կառավարումը: Խոսքը միայն առողջապահության սկանդալային նախարարին չի վերաբերվում իր նույնքան սկանդալային որոշումներով: Նա չկարողացավ կառավարության միասնական քաղաքականության մեջ ներգրավել ՀՅԴ-ի նախարարներին: Ուստի` ինքնուրույնության բռնկման նրա ռեսուրսները լինելու են զուտ արտաքին` ռուսական ուղղությամբ: Նրա հանդգնությունը ու հնարավորությունները չեն ների մտնել նախկին նախագահների խաղի մեջ կամ խաղեր տալ նրանց կառավարած ընդդիմության հետ:

Քաղաքականություն վերադառնալու Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը սպառված է, առավելագույնը նա կարող է «փչացնել» տոնական տրամադրությունը և «աշխատանքային» մթնոլորտը, բայց ոչ ավելին: Լևոն Տեր-Պետրոսյանը այդ ցանկությունն էլ չունի: Փաստացի` այսօր Հայաստանը փակեց երեք նախագահների էջը` թողնելով բազում անպատասխան հարցեր այդ էջերում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Կառավարությունը հրաժարական տվեց, բայց ժամանակավոր կպաշտոնավարի մինչև ապրիլի 17-ը` սակրալ շաբաթում ոչինչ չի փոխվի: Հետո էլ` մինչև 2022-ը, քանի դեռ «երկրի զարգացման պատասխանատվության բեռը լինելու է ՀՀԿ-ի վրա»` ինչպես Կարեն Կարապետյանին խոստացավ Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 2739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ